38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ռուսաց Պյոտր I ցարը և հայ վաճառական Պետրոս Ապրոն

Ռուսաց Պյոտր I ցարը և հայ վաճառական Պետրոս Ապրոն
13.06.2022 | 11:16

Լրացավ Պյոտր I-ի, Պյոտր Մեծի՝ Ռուսական կայսրության հիմնադրի ծննդյան 350-ամյակը, և այս խրթին ժամանակներում Ռուսաստանի Դաշնությունում հնարավորինս պատշաճ նշվեց այդ հոբելյանը։ Դա առիթ է տալիս անդրադառնալու նրա և հայերիս հետ դարավոր առնչությունների մի դրվագի։

1717 թ. հունվարի վերջին Ամստերդամում հանդիպեցին Մատթեոսի Ապրոյի 23-ամյա որդի Պետրոսը և 45-ամյա ռուսաց ցար Պյոտր Ալեքսեևիչը։

Ո՞վ էր Պետրոս Ապրոն։ Նա շառավիղն էր Ապրոյան հնամենի տոհմի, որը մեր պատմագրության մեջ հիշատակվում է 1521 թվականից, որպես Բագրատունյաց արքայական հարստության ճյուղ։

Ապրո գերդաստանի ազգաբանության վերաբերյալ 1804 թ․ ապրիլի 20-ի վկայագրում Զմյուռնիայի հոգևոր առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը մասնավորապես գրում է․ «Առ կենդանութեամբ Հօր իւրոյ Մատթէոսն ելեալ ի Կոստանդնուպօլսոյ գայ ի Զմիւռին աստ յամի 1668, ուր յետոյ սկսանի շինել տուն, զոր յետ պատշաճ յօրինուածով կատարման՝ լեալ սաստիկ գետնաշարժ՝ տապալէ ի հիմանց եւ ընդ փլածով ճմլին չորեքին մանկունքն եւ այլն, ազատելով միայն ամուսնոյն իւրոյ ի պարտէզ։ Այլ յետոյ պարգեւէ նմա Աստուած եւ դարձեալ չորս զաւակս՝ զԱբրահամ, զՊետրոս, զՍտեփաննոս եւ զԿիւլհան։ Եւ ինքն դարձեալ մեծանուն վաճառականութեամբ եւ իշխանաւոր պատուով եւ ի Լուդովիկոս ԺԴ արքայէ Գաղղիացոց թուղթ ազնուութեան եւ հովանաւորութեան, 1687։ Որում ժամանեալ ելք հասարակաց կենաց մարդկան՝ հանգչի ի Քրիստոս, թաղեալ ի մէջ սուրբ Ստեփաննոս եկեղեցւոյ Զմիւռնոյս։

Որդիք սորա Աբրահամ, Պետրոս եւ Ստեփաննոս ընդարձակեն զվաճառականութիւնն մինչեւ ի Հնդիկս եւ ի Պարսս եւ յԵւրոպիայ. եւ բազմօք ճոխանան, որոց տուեալ լինի եւ հրովարտակ ի յաւիտենական յիշատակաց արժանի ի Պետրոս կայսերէ Ռուսաց յամի Տեառն 1717, որ կայ այժմ ի ձեռս սոցա կնքեալ արքունի մեծ կնքով, ուր զի եւ Պետրոսն էր նախկին թարգման Անգլիացւոց»:

Բայց ի՞նչ գործ ուներ Մատթեոսի միջնեկ որդի Պետրոսը Ամստերդամում։

Հնդկաստանում ադամանդներ, մարգարիտներ և այլ թանկագին քարեր հայթայթած և Ամստերդամ բերած աշխարհաշրջիկ հինջուղայեցի վաճառականներն առաջին անգամ հիշատակվում են 1560-1565 թթ.: Ասվածի ապացույցն է ժամանակը ներկայացնող Մյուլլերի ալբոմը (Catalog Muller, IV, 4166), ուր կա արևելյան տարազով մարդու պատկեր`այսպիսի մակագրությամբ. «Խոշորադամանդավաճառմիհայ»:

1660 թ. Ամստերդամում արդեն կար նորջուղայեցիներին, ագուլեցիներին, ղարաբաղցիներին, ղափանցիներին և այլ զանգեզուրցիներին պատկանող առնվազն 60 առևտրային տուն, որոնք առևտուր էին անում Ամստերդամի «Արևելյան շուկայում» (Oostermarkt), իսկ բնակվում էին Կրոնավորների փողոցում (Monnikenstraat), Թագավորական փողոցում (Koningstraat), Թմբի փողոցում (Dykstraat), Կայսերական փողոցում (Keiserstraat) և Բոմի առափնյակում (Boomsloot):

Պետրոս Ապրոն իրենց ընտանիքի առևտրական գործակալն էր և մշտապես բնակվելով Ամստերդամում՝ իրացնում էր արևելյան ապրանքները։ Հիմա պարզենք, թե 1717 թ․ ինչպիսի հրովարտակ է նա ստացել Պյոտր կայսրից «որ կայ այժմ ի ձեռս սոցա կնքեալ արքունի մեծ կնքով»։

Դեռևս Ալեքսեյ Միխայլովիչ ցարը՝ Պյոտր I-ի հայրը, հայացքն ուղղեց Պարսկաստանին և հատկապես հում մետաքսին, որի վաճառքի մենաշնորհը պատկանում էր նորջուղայեցի վաճառականներին։ Հենց նրանք էին, որ 1660 թ․ ապրիլի 12-ին մի պատգամավորությամբ՝ Զաքար Սահրադի Շահրիմանյանի գլխավորությամբ, այցելեցին ցարին և ձեռք բերեցին մաքսային, տուրքային, հարկային և այլ արտոնություններ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արևմտաեվրոպական երկրների հետ տարանցիկ առևտրով զբաղվելու դյուրություններ: (Ի դեպ, այդ այցելության ժամանակ էր, որ ցարին, ի շարս այլ նվերների, ընծայեցին նշանավոր «Ալմաստե գահը»)։

Պյոտր Ալեքսեևիչը շարունակեց հոր «արևելյան քաղաքականությունը», դրան հաղորդելով թե քաղաքական և թե տնտեսական բաղադրյալներ։

Հանրահայտ է, որ նա երկու անգամ է այցելել Նիդերլանդներ` 1697-1698 թթ. և 1716-1717 թթ.: Ընտրությունը պատահական չէր, միապետը ցանկանում էր հիմնարար բարեփոխություններ իրականացնել իր երկրում, իսկ դրա համար անհրաժեշտ էր յուրացնել Արևմտյան Եվրոպայի զորեղ, առաջադեմ, հարուստ տերության փորձը, ընդօրինակել այն ամենը, ինչ հնարավոր կլիներ կիրառել Ռուսաստանում:

Առաջին ուղևորությունը 25-ամյա ցարը կատարեց Մեծ դեսպանության (Великое посольство) 250 հոգուց բաղկացած պատվիրակության կազմում` Պյոտր Միխայլով ծածկանվամբ. մի գաղտնապահություն, որն անիմաստ էր, քանզի գրեթե բոլորը գիտեին, թե իրականում ով է թաքնված այդ անվան տակ:

Ամստերդամում, «Հոլանդական արևելահնդկական ընկերության» նավաշինարաններում նա սովորեց նավեր կառուցելու արհեստ, այցելեց կետորսական նավեր, հոսպիտալներ, դաստիարակիչ տներ, ֆաբրիկաներ, արհեստանոցներ, ծանոթացավ հողմաղացների մեխանիզմին: Հաճախեց անատոմիայի դասախոսությունների, մասնակցեց դիահերձումների, հետաքրքրվեց դիակների զմռսմամբ: Բացի այդ, ուսումնասիրեց մետաղների դրվագանախշման տեխնիկան և անգամ սեփական ձեռքով պատրաստեց մի գրավյուրա, որն անվանեց «Քրիստոնեության հաղթանակը իսլամի հանդեպ»:

Երկրորդ այցելությունը որոշ իմաստով առաջինի շարունակությունն էր, ավելի շուտ` արդեն կայացած անհատականության, պետական-քաղաքական այրի, իմաստնացած արքայի յուրատեսակ տուրք` երիտասարդական տարիներին:

Ուտրեխտի համալսարանի ձեռագրերի բաժնում պահպանվում է թիվ 47 վկայագիրը: Դա 20 սմ երկարությամբ և 16 սմ լայնությամբ խիստ արժեքավոր մի փաստաթուղթ է, որը պատկանում է քաղաքի Պատմագիտական ընկերությանը: Ձեռագրի հեղինակը հոլանդացի մահուդավաճառ Յան Կոռնելիսոն (Կոռնելիուսի որդի) Նոմենն է, ով Պյոտր Մեծի երկու այցելությունների ժամանակ էլ հանդիպել, շփվել է ռուս միապետի հետ և իր տպավորությունները շարադրելով` թողել Պյոտրի հոլանդական ուղևորությունների վերաբերյալ ամենահավաստի սկզբնաղբյուրը: (Ռուսերեն թարգմանությունը՝ «Записки Я. К. Номена о пребывании Петра Великого в Нидерландах в 1697/98 и 1716/17 гг.» հրատարակվել է Կիևում, 1904 թ․, և չեմ կարող ասել, թե դա անաղճատ հրատարակություն է)։

Մեզ հետաքրքրում է երկրորդ այցելությունը և 1717 թ. հունվարի 28-ը:

Նոմենը գրում է. «Քանի որ թագուհին հղի էր, և ցարը ցանկանում էր, որ նա ծննդաբերի Ամստերդամում, թագուհին այստեղ ճանապարհվեց ձմռան սկզբին, և մեր գավառի պարոնայք նահանգները Վեզելում նախապատրաստեցին մի շքեղ զբոսանավ, որպեսզի այնտեղից փոխադրեն: Թագուհին Վեզելում զբոսանավ բարձրացավ 1717 թվականի հունվարի 12-ին, սակայն հաջորդ օրը կրկին ափ իջավ և հունվարի 13-ին Վեզելում բարեհաջող ծննդաբերեց մեծ իշխանին: Ցարը, որն այդ ժամանակ դեռևս գտնվում էր Ամստերդամում, 14-ին, կեսօրին մոտ, իր բնակարանում այդ հաճելի լուրն ստացավ Վեզելից ուղարկված սուրհանդակի միջոցով:

16-ին Վեզելից գրեցին, որ նորածին մեծ իշխանը ծնված օրը մահացել է` երեկոյան 7-ի և 8-ի սահմաններում, ինչի առթիվ խփել են զանգեր: Երեկ նրա մարմինը զմռսել են ու դրել մահվան սնարին: Ասում են, թագուհին բավականին թույլ է”:

Այս նկարագրությունը միանգամայն ճշգրիտ է ու հավաստի: Հայտնի է, որ Պյոտր I-ը ամուսնացած է եղել երկու անգամ: Առաջին կինը` Եվդոկիա Լոպուխինան, 1689-1698 թթ. ծնել է երեք արու զավակ, որից հետո արտաքսվել Սուզդալ-Պոկրովսկի վանք: Երկրորդ կինը` Եկատերինա I Ալեքսեևնան (Մարթա Սամուիլովնա Սկավրոնսկայա), որ 1703-ից ցարի սիրուհին էր, 1712-ից` կինը, ծնել է 11 երեխա` 6 աղջիկ ու 5 տղա: Զավակների մեծ մասը մահացել է կամ ծննդաբերությունից անմիջապես հետո, կամ մանուկ հասակում: Նոմենի գրառումը վերաբերում է Պավել անունով նորածնին:

Հետևենք հոլանդացի ժամանակագրին. «Հետո նա (Պյոտրը – Խ.Դ.) մի քանի օր հիվանդ էր: Ոմանք ասում են, թե նա եղել է այնտեղ, որտեղ պետք չէր լինել, իսկ ոմանք, թե չափից ավելի է խմել, երրորդները հիվանդությունը վերագրում են թե մեկին, թե մյուսին: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես այս հարցին պատասխանել չեմ կարող, որովհետև հավաստի տվյալներ չունեմ»:

Ինչպե՞ս հասկանալ այս հատվածը:

Ես ենթադրում եմ, որ այդ մի քանի օրը կայսրը անցկացրել է Պետրոս Ապրոյի հետ... Որովհետև Պյոտրը շնորհագիրը Պետրոսին հանձնել է անձամբ, հունվարի 28-ին:

Այժմ անդրադառնանք փաստաթղթի բուն էությանը (շնորհագրի ռուսերեն բնագիրը տպագրված է“Армяно-русские отношения в первой трети XVIII века, сборник документов”, т. II, ч. I, Е. 1964 г., с. 105-107: Թարգմանությունն իմն է)։

Շնորհագիրը առանձնաշնորհային, անհատական, անվանական բնույթ ուներ և Ապրո եղբայրներին հնարավորություն էր տալիս առանց որևէ խոչընդոտի Ռուսաստանում զբաղվել առևտրատնտեսական գործունեությամբ` օգտվելով նորջուղայեցիներին ընձեռված արտոնություններից:

Քանի որ փաստաթուղթը բավականին ծավալուն է, մեջբերեմ մի քանի հատված միայն․ «Սույնով հայտարարում ենք ում որ հարկն է, որ Հոլանդիայում Մեր գտնված ժամանակ Հայ Պիտեր Աբրոն իր Հուշագրով խոնարհաբար մեզ զեկուցել է, որ ինքն ու Զմյուռնիայում գտնվող իր երկու եղբայրներ Աբրամ ու Ստեֆան Աբրոները մեծ առևտուր ունեն Հնդկաստանում, Պարսկաստանում, Թուրքաց հողում և այստեղի Եվրոպական Պետություններում, այդ առևտուրը մեծավ մասամբ կազմում են մետաքսը և այլ Պարսկական ու Հնդկական ապրանքները և ընդ որում խոնարհաբար ներկայացրեց Մեզ, որ ինքն ու հիշյալ իր եղբայրները մտադիր են իրենց առևտրական նպատակներով Մեր Պետություններով ու հողերով Պարսկաստան մեկնել և ապրանքներ բերել այստեղ և առևտրի նպատակով դրանք տեղափոխել Մեր քաղաքներ Աստրախանով, Յարոսլավլով, Արխանգելսկով, Մոսկվայով ու Մեր Նստավայր Սանկտ-Պետերբուրգով։ Ինպես նաև այդ ապրանքներով Մեր Պետություններում այդ ապրանքներով առևտուր անել՝ վճարելով պատշաճ տուրք․ բայց միայն թե Մենք հրամայենք, որ նրանց այդ ապրանքներից, որոնք իրենք կամ իրենց գործակատարները կտանեն Պարսկաստան կամ Պարսկաստանից Մեր Պետություններով, Մեր քաղաքներով ու նավահանգիստներով ինչպես կկամենան տեղափոխել կամ դրանք Մեր Պետություններում վաճառել կամ այստեղ բերել՝ դրանցից տուրք գանձվի այնքան, որքան վճարում են Պարսկահպատակ ջուղայեցիները, ինչի համար Մեզնից խոնարհաբար առանձնաշնորհներ ու թույլտվություն խնդրեց․ որպեսզի Մեր Պետություններում ու հողերում զարկ տանք առևտրին՝ նրա այս խնդրանքին ոչ միայն համաձայնություն տալու ցանկություն ունեցանք, այլև Մեր սույն Շնորհագիրը և առանձնաշնորհները տվեցինք, հրամայելով, որ հիշյալ Պիտեր, Աբրամ ու Ստեֆան Աբրոներին, երբ նրանք Մեր սույն Շնորհագրով առևտրի նպատակով Մեր Պետություններ կգան կամ իրենց գործակատարներին ապրանքներով կուղարկեն, նրանց ամենուրեք ազատ և առանց ուշացնելու ցամաքաին թե ջրային որ ճանապարհով և որ քաղաքները որ կկամենան մեկնել, իրենց մարդկանցով և իրերով բաց թողնել՝ չհարուցելոով ոչ մի դժգոհություն ու խոչընդոտ․ ավելին, նրանց առաջին իսկ պահանջի դեպքում ըստ ամենայնի աջակցել․ իսկ ապրանքներից, որ նրանց մոտ կլինեն կամ կուղարկվեն գործակատարների հետ մաքսային Տեսուչները ու Բուրմիստրերը և այլ ծառայողները տվյալ տեղերում այնքան տուրք, ինչպես նաև փոխադրավարձ պետք է մեր գանձարանին նրանցից վերցնեն, որքան Պարսկահպատակ ջուցայեցի հայերից՝ ըստ նրանց հետ կնքած պայմանագրի․ իսկ դրանից ավելի նրանցից ու նրանց գործակատարներից մեր հպատակներից ոչ ոք չհամարձակվի կորզել և ոչ մի այլ հարկ ու դժգոհություն չհարուցի՝ աչքի առաջ ունենալով մեր զայրույթը և դաժան տուգանքը:

Տրված է Ամստերդամում, 28 հունվարի 1717-ի, Մեր Իշխանության 35 տարում»։

Հավելեմ նաև, որ Պետրոս Ապրոն, շարունակելով ամստերդաբնակ գրասեր հայ վաճառականների ավանդույթները` 1745-1746 թթ. հայերեն է թարգմանել պամաշխարհագրական մի գրվածք, որը ձեռագիր վիճակում պահպանվում էր Վիեննայի Մխիթարյան մատենադարանում. «Թարքմանեցեալ ի հեզահոգի դպրէ Պետրոս աղայէ, ի տանէ բարեպաշտօն ազնուազարմէ Ապռօյ չէլէպի կոչեցելոյ, ի ֆլէմէնկի (իմա՝ ֆլամանդերենից – Խ․ Դ․) բարբառոյն ի հայ բարբառ. յամի ներմարդութեանն Քրիստոսի 1745 եւ յամի 1746 ի Զմիւռին քաղաքի»:

Ինչպեսհաղորդում էվերոհիշյալ Զմյուռնիո վավերագիրը, Պետրոսը վախճանվել է Զմյուռնիայում և թաղվեց Ս. Ստեփանոսի գերեզմանատանը. «Այլ սոքա եւս լցեալ զկեանս իւրեանց` փոխին ի Քրիստոս. Աբրահամ ի Կ.Պոլիսն, եւ Պետրոսն եւ Ստեփաննոսն աստ, թաղելով Պետրոսի ի հայրենի շիրիմն ի միջի եկեղեցւոյն սրբոյ Ստեփաննոսի. եւ որդի սորա Գալուստ ի սուրբ Լուսաւորչին»:

Հ․ Գ․ Այս հրապարակման հետ կցում եմ լուսանկար, որ ինձ է ուղարկել մի ազգակից։ Դա Պյոտր I-ի (կամ ինչպես կասեին հոգևոր հայրերը՝ Պետրոս Մեծի)՝ Պետրոս Ապրոյին տրված շնորհագիրն է, որը պահպանվում է Ս․ Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության թանգարանում։

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 65507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ